Վերջերս ասուլիս էր հրավիրել ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Խոսում էր ոգևորված ու իր կարծիքով՝ համոզիչ, փաստարկված, իրականում նրա ելույթը ազգային ռոմանտիկայի ժանրից էր, որ ոչ միայն անպտուղ է, այլև՝ վտանգավոր: Նրա հայտարարություններից էր, որ եթե Թուրքիայի կողմից ՀՀ սահմաններին վտանգ սպառնա, հայ-ռուսական միացյալ զորախումբը կկիրառվի: Նույնիսկ ի պատասխան հիշեցման, որ թուրք-ադրբեջանական վերջին զորավարժությունների ժամանակ թուրքական կողմը նշել էր` անհրաժեշտության դեպքում կարող են Նախիջևանում ռազմաբազա տեղակայել և այնտեղից պատասխանել հայկական կողմին, գեներալ-մայորը հայտարարեց. «Եթե Հայաստանի Հանրապետության ցանկացած սահմանի վրա, այդ թվում` այդ ուղղությունից վտանգ սպառնա, միանշանակ, մեր սուրբ պարտականությունն է, որ համատեղ ուժերով կանգնենք մեր ոսոխի առաջ: Դա երկաթբետոնե հիմքով ամրապնդված է համապատասխան փաստաթղթերի մեջ»:
Այն տպավորությունն է, որ միացյալ զորքերի հրամանատարը խրամատներից դուրս չի գալիս ու ծանոթ չէ միջազգային ասպարեզում որևէ քիչ թե շատ հայտնի իրադարձության: Օրինակ՝ նա տեղյակ չէ Պուտինի ու Էրդողանի հանդիպումներից, տեղյակ չէ՝ ինչ է կատարվում Սիրիայում, Գյումրու ռուսական ռազմաբազային ԻՊ-ի դեմ պայքարի մեջ ինչ դեր է հատկացնում ՌԴ ԱԳ նախարարը: Նա թղթեր է կարդում ու հավատում է թղթային «երկաթբետոնությանը»: Իսկ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը որտե՞ղ էր անցած տարի, այս տարի, երբ կրակում էին Արցախի ու Հայաստանի սահմանների վրա: Ի՞նչ «երկաթբետոնի» մասին է խոսքը: Որքան էլ նա պնդի, որ ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման գործողությունները խաղաղության ժամանակ և պատերազմական իրավիճակում Հայաստանն է որոշելու, փաստերը գալիս են հակառակն ապացուցելու: Նույնիսկ հայկական բանակի գործողությունները անցյալ տարվա ապրիլին ռուսական կողմը կասեցրեց, ուր մնաց հայ-ռուսական միացյալ ուժերինը: Պարզապես «երկաթբետոնը» կճեղքվի Կրեմլից մի զանգով ու բանավոր հրամանով, որին զինվորականները չեն կարող չենթարկվել ու գեներալ-մայորը դա հաստատ գիտի, ինչո՞ւ է ուրեմն Անդրանիկ Մակարյանը սուտ հույսեր տածում առ թուղթը, շրջանցելով փաստերը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ասուլիսում Անդրանիկ Մակարյանը իր հայրենասիրական պոռթկումի շրջանակներում նույնիսկ հայտարարել է. «Պարտավոր ենք օգտվել ՀԱՊԿ-ի հնարավորություններից` թե տնտեսական, թե հատկապես` ռազմական», և հարցին` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նշանակումից հետո պե՞տք է կազմակերպությունից ավելի հասցեական հայտարարություններ սպասել, պատասխանել է. «Անպայման, պիտի սպասենք, իհարկե: Ինքը հայազգի է, հայ զորահրամանատար, որի երակներում եռում է հայոց բանակի գեներալի արյունը, միանշանակ պիտի սպասենք լավը»: Գուցե Անդրանիկ Մակարյանի արյունը իսկապես եռում է, բայց Յուրի Խաչատուրովինը՝ հաստատ ոչ: ՈՒ չի էլ կարող եռալ: Ոչ միայն Մոսկվայում հրադադարի հայտնի համաձայնությունը տալու պատճառով, որի մանրամասներին, ինչպես հետո ինքն ասաց, նույնիսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տեղյակ չէր եղել, այլև այն պատճառով, որ ՀԱՊԿ-ում որոշումներ են ընդունում անդամ երկրների նախագահները, իսկ գլխավոր քարտուղարի գործը ոչինչ չասող հայտարարություններ անելն է, որ հանկարծ որևէ կողմ իրեն վիրավորված չզգա ու պատիվ չպահանջի, մեկ էլ՝ տնտեսություն վարելը: Վերջապես «արյան եռքի» շրջանակներում գեներալ մայորը նաև շեղվում է պաշտպանության նախարարի գծից: Վիգեն Սարգսյանը, օրինակ, սթափ ու ճշգրիտ էր գնահատել Յուրի Խաչատուրովի հնարավորությունները ՀԱՊԿ-ում՝ հորդորելով նրա նշանակումից մեծ ակնկալիքներ չունենալ: «Երկաթբետոնից» նա հասկանում է: